ԱԴԱՄԱՆԴԵ ՇՈԳԵՔԱՐՇԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑԸ
Թյուրընկալումներից ի սկզբանե, իսկ հայրենի քաղաքական պսևդո-էլիտայի համար մատչելի լեզվով ասած՝ գլխանց խուսափելու համար, միանգամից նկատենք, որ այսուհետ ասվածը պետք չէ անձնավորված ընկալել ու որևէ անձի վիրավորելու նպատակ չենք հետապնդում։ Խոսքը երևույթի մասին է, տվյալ դեպքում «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանի կամ, ինչպես շատերն են ասում՝ Կարապետիչի երևույթի մասին։
Ցուրտ ու մութ տարիները ռուսաստաններում բավականին ձեռներեց կենսակերպով անցկացրած, իսկ ժամանակների համեմատական բարելավման հետ Հայաստան վերադարձած ու բուռն հեռուստաեթերային, քարոզչական ու նվիրատվական գործունեություն ծավալած այդ այրը շատ արագ հայտնի դարձավ ու ամենակարևորը՝ կռահեց, որ Հայաստանում տիրող ծախու մթնոլորտում քաղաքական ասպարեզի դռներն իրեն համար բաց են։ Իսկ բաց դռնից ներս չմտնել, կնշանակեր՝ կորցնել շանսը։ Մտավ։
Օրերս ավարտված ԱԺ ընտրություններում Տիգրան Կարապետյանի գլխավորած կուսակցությունը, որի համամասնական թեկնածուների ցուցակում ընդգրկվել էին ՕԵԿ-ի նավակից ցատկած մի խումբ գործարարներ, բավարար քվեներ չստացավ՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար։ Դրան հաջորդեցին Տիգրան Կարապետյանի զայրացած, մուննաթոտ հայտարարությունները՝ համեմված տարակուսանքի հատուկենտ նոտաներով։
Չեմ թաքցնում. երբ իմացա, որ Տիգրան Կարապետյանն ու իր գլխավորած կուսակցությունը չի ընտրվել, ուրախացա, երեևի Արմեն Մազմանյանի չափ։ Ուրախացա, որովհետև նման արդյունքը թույլ է տալիս մինչև վերջ վատ չմտածել սեփական ազգի բարոյահոգեբանական անկման մասին։
Ինքը՝ Կարապետիչը, զարակուսած էր, այսինքն՝ զայրացած ու տարակուսած էր միաժամանակ։ Իսկ ի՞նչ է նա ասում։ Իսկ նա ասում է, որ այլևս չի լինելու «Շոգեքարշ» հաղորդումը, որի ժամանակ նա տարեց մարդկանց հեռուստացույցներ էր տալիս։ Ասում է, որ էլ չի լինելու այն հաղորդումը, որի ժամանակ երգում էին բոլորը՝ ընդունակ-անընդունակ, էլ «Ադամանդներ» չի բաժանելու։
Եվ ուրեմն՝ փառքդ շատ, Տեր Աստված, որ այդ ամենը չի լինելու։
Չնայած տողերիս հեղինակին ու նաև բազմաթիվ իմ հայրենակիցների պարզորոշ հասկանալի էր ու է, թե Տիգրան Կարապետյանն ի՞նչ նպատակով էր «բարեգործություն» ծավալել, բայց այնուամենայնիվ նրա՝ Կարապետիչի անձնական խոստովանությունն ավելի հետաքրքիր է։ Նա ասում է, որ այդ հաղորդումները իր անձնական հեռուստաալիքի եթերից հանում է, որովհետև բնակավայրերից մեկի ներկայացուցիչներին 100-ից ավելի հեռուստացույց է նվիրել, սակայն այնտեղից իր կուսակցության օգտին ընդամենը 45 ձայն է ստացել։
Այսինքն՝ նա խոստովանում է, որ հեռուստացույցներ տալիս էր ձայն ստանալու համար, կարճ ասած՝ քվե էր առնում, ըստ որում, դա ցուցադրելով հեռուստատեսությամբ։ Ճիշտ է, Հայաստանի համապատասխան պետական ատյանները, առաջին հերթին՝ ԿԸՀ-ն ու պատկան այլ մարմիններ, սովորության համաձայն, աչք փակեցին օրենքի խախտման այդ ակնհայտ փաստերի վրա, սակայն բնականորեն հաստատվող դանդաղընթաց արդարությունը, այնուամենայնիվ, մի քիչ հաղթանակեց, ի դեպ, ինչպես միշտ։
Կցանկանայինք գրել՝ «արդարությունը հաղթանակեց», բայց չենք կարող։ Չենք կարող, որովհետև Կարապետիչի օրինակը եզակի չէր։ Նույն «Բարագավաճ Հայաստանը», ետին թվով ներկայանալով որպես «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ կարտոֆիլի սերմացու և տուկի թել էր բաժանում դեռ ընտրություններից շատ առաջ, չհաշված զանգվածային բուժօգնության անվճար ակցիաները, սակայն ոչ միայն ընտրվեց ԱԺ, այլև գրավեց երկրորդ տեղը, ստանալով 200 հազարից ավելի ձայն։ Հանուն արդարության, պետք է նկատել, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկողներից ոչ բոլորն են, որ այդպես են վարվել՝ Հայաստանի կառավարության աշխատանքով հիացած լինելու պատճառով։ Այս դեպքում էլ կան մամուլի բազմաթիվ հրապարակումներ, որոնց համաձայն, մարդկանց հանրապետական կողմնորոշմանը նպաստել են Հովհաննես Թումանյանի ու Ավետիք Իսահակյանի դիմանկարները կրող պետական արժեքավոր թղթերը։
Իսկ թե այդ նույն արժեքավոր պետական թղթերով քանի ձայնաթուղթ են ձեռք բերել մեծամասնականով ասպարեզ մտած մականունակիր ու անմականուն, բայց համախառն՝ անդեմ կոճակսեղմողները, իրենք գիտեն ու մեկ էլ ողջ հանրապետությունը։
Սա իհարկե, տխուր ու խոշոր երանգ է ավելացնում ընդհանուր պատկերին, ուրվագծելով հասարակության բարոյահոգեբանական փչացածության աստիճանը ու թույլ չտալով մի փոքր էլ լավ մտածել նույն այդ հասարակության հոգեվիճակի մասին։
Ի դեպ, վերնագրից հետո ակնարկված «մանր բաների» մասին։ կարծեմ Փոքրիկ Իշխանն էր պատմում այն ավերածությունների մասին, որ գործում են ժամանակին չնկատված ու արմատախիլ չարված բաոբաբի անմեղ թվացող ծիլերը։ Ցավոք, քաղհանի պահից մեր հասարակությունն էապես, մի 11-12 տարով ուշացել է։ Հա, իսկ ադամանդե շոգեքարշի վերջին կառամատույցը ուղղակի տխուր մի կետ է, որտեղ այլևս չկան քաղաքացիներ, բայց հազարներով վխտում են բացարձակ ստամոքսամիտ սպառողներ, և կառամատույցն այդ գտնվում է մի վայրում, որտեղ ավարտվում է պետությունն ու սկսվում է անհայրենիք մի տարածք։
Մեզ պե՞տք է նման կառամատույցում հայտնվել։

