ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ... ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվ այսպես. «ԱԺ ընտրություններ-2007»-ի առանցքային կամ կուլմինացիոն հատվածը, ի դեմս մայիսի 12-ին տեղի ունեցած քվեարկության և «ձայները հաշվելու», նախնական արդյունքները հրապարակելու և ի մի բերելու ընթացակարգերի, կարելի է համարել ավարտված: Առջևում հետընտրական գործընթացներն են ու... հաջորդ՝ նախագահական ընտրությունները, ընդամենը մի ինչ-որ 9-10 ամիս հետո:
Բայց մինչև այդ 9-10 ամիսը առաջիկա մեկ ամսում դեռ պետք է հաղթահարել խորհրդարանում ուժերի նոր դասավորության ու դրանց փոխգործակցության կամ չգործակցության դրվագները, հատկապես՝ նոր կառավարություն կազմավորելու պահն ու դրա անդրկուլիսային, ներախպերական նրբերանգները:
Եթե մի պակաս բան կար էլ, ապա ԱՊՀ դիտորդական առաքելության ոգևորված ու հատկապես Եվրոպայի կառույցների դիտորդական առաքելության ղեկավարների զուսպ-դրական գնահատականները շատ բան իրենց տեղը դրեցին:
Փորձենք ուրեմն մի քանի նախնական գնահատական էլ մենք ամբողջացնենք: Նախ, քվեարկության նախնական արդյունքը ցույց տվեց, որ Հանրապետական կուսակցության քարոզչական ակտիվ աշխատանքն անպտուղ չանցավ, ապահովելով ինչ-որ տեղ՝ կանխատեսելի և օրինաչափ հաղթանակ՝ համամասնական ընտրակարգով ստացած ավելի քան 30 տոկոսի սահմանագծում:
Մյուս կողմից, «Բարգավաճ Հայաստանի» ստացած համամասնական մոտ 15 տոկոսը կարելի է լուրջ ձեռքբերում համարել քաղաքական դաշտում նորամուտը նշող այդ ուժի համար: Անկախ իրենց հավակնոտ հայտարարություններից ու գիգանտոմանիայի դրսևորմամբ հավաքագրված կուսակցականների թվից, 200 հազարից ավելի ձայներ ստանալը ԲՀԿ-ն պետք է որ իսկապես հաջողություն համարի:
Այդ խորապատկերի վրա ՀՅԴ-ն, կարելի է ասել, նույնպես պատվաբեր արդյունք արձանագրեց՝ 12 և 13 տոկոսի միջակայքում (նախնականը), ցույց տալով, որ ունի ոչ միայն իր կայուն ու հավատարիմ ընտրազանգվածը, այլև վայելում է Դաշնակցության գաղափարները համակրող քաղաքացիների շատ ավելի մեծ զանգվածի աջակցությունը: Ըստ որում, պետք է նկատել, որ սա որակյալ ընտրազանգված է՝ գերազանցապես գաղափարական շեշտադրությամբ:
Հետաքրքիր է «Օրինաց երկրի» մոտ 7 տոկոսը: Համենայն դեպս, պոպուլիզմը, մեկ տարի առաջ իշխանական կոստյումը ընդդիմադիրի թիկնոցով փոխարինելն ու հայտնի ձայնագրության բովանդակության առթիվ երկրի նախագահի բացասական գնահատականին առժանանալը Արթուր Բաղդասարյանին թույլ տվեցին ՕԵԿ-ի համար պահպանել խորհրդարանական ուժի կարգավիճակը:
Որոշակիորեն ոգևորիչ է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգության» 6-ի ձգտող 5,8 տոկոսը: Նման որակի ընդդիմություն ու խորհրդարանում Ր.Հովհաննիսյանի կարգի քաղաքական գործչի ներկայացված լինելը կարելի է միայն դրական գնահատել: Ճիշտ է, մի քիչ դժվար է պատկերացնել դաշնակցականներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, Լարիսա Ալավերդյանին կամ Անահիտ Բախշյանին՝ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի մականունավոր ներկայացուցիչների հետ նույն ԱԺ-ում: Բայց գոնե խորհրդարանում կլինեն մարդիկ, ումից լրագրողները կարող են կարծիք հարցնել՝ առանց սեփական առողջությունը վտանգելու և արժանապատվությունը նվաստացնելու:
Անակնկալ կարելի էր համարել Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի ու Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանության» արձանագրած նախնական արդյունքները, բայց նաև պետք է նկատել, որ այդ 2 ուժերն էլ երկար ժամանակ եղել են խորհրդարանում և միգուցե այդ հանգամանքը նրանց ավելորդ վստահություն էր հաղորդել, թե 5 տոկոսն իրենց համար խնդիր չէ: Համենայն դեպս, խիստ սուբյեկտիվ կարծիք հայտնելով պետք է նկատեմ, որ այդ երկու ուժերը հոգնած տեսք ունեին, հատկապես՝ «Ժառանգության» կամ «Իմպիչմենտի» ֆոնի վրա:
Ի դեպ, «Իմպիչմենտի» և այդ դաշինքին միացածների մասին: «Իմպիչմենտը», «Նոր ժամանակները» և Հանրապետությունը, ինչպեսև պետք էր սպասել, հայտարարում են ահռելի, հարյուր հազարավոր ձայների հասնող ընտրակեղծիքների մասին, ինչը դժվարընկալելի հատկապես եվրոդիտորդների դրական հայտարարությունների ֆոնի վրա: Իսկ եվրոդիտորդները, որ թերևս ամենաբծախնդիրներից են, դժվար թե աչքաթող անեին այդչափի աղաղակող կեղծիքներ: Սակայն մեկ այլ հարց է կարևոր, իսկ ո՞ւմ էր պետք արմատական տրամադրված ընտրազանգվածի ձայների փոշիացումը «Նոր ժամանակներ», Հանրապետություն կուսակցությունների ու «Իմպիչմենտի» միջև: Ըստ որում, հետաքրքիր էր վերջին հանրահավաքում ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի մասնակցությունը: Այն նույն Ստեփան Դեմիրճյանի, որին նույն այդ իմպիչմենտականները մի քանի օր առաջ մեղադրում էին իշխանություններին ծախվելու մեջ:
Հետևենք դեպքերի զարգացմանը:
