ՄԻԱՍԻՆ ԲԱՐԳԱՎԱՃԵԼՈՒ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ
Անկախ այն բանից, թե ի՞նչ արդյունք կարձանագրի «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) «ԱԺ ընտրություններ-2007»-ում, անկասկած է, որ այս կուսակցության մասին խոսակցությունները երկար կշարունակվեն: Հենց միայն այն, որ այս համեմատաբար նորաստեղծ կուսակցությունը գլխավորում է «Մուլտի գրուփ» կոնցեռնի նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, բավական էր, որպեսզի ընտրություններից դեռ շատ առաջ «Բարգավաճ Հայաստանի» մասին լիուլի խոսվի՝ թերթերում, հեռուստատեսությամբ: Տվյալ դեպքում չենք առանձնացնում. դրակա՞ն, չեզո՞ք, թե՞ բացասական անդրադարձեր են եղել: Ըստ որում, եթե նկատենք, որ «լավագույն գովազդը հակագովազդն է», ապա «Բարգավաճ Հայաստանի» և Գագիկ Ծառուկյանի անուններն անընդհատ տեղեկատվական շրջանառության մեջ են:
Մանավանդ, որ կուսակցությունն ու նրա ղեկավարը նախընտրական տարում անգործ չէին նստել: Նկատի ունենք, մասնավորապես այն, որ անցյալ տարվանից սկսած, ԲՀԿ անունից, բայց փաստաթղթորեն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով հատկապես գյուղերում բաժանվում էր խոտի հակերը կապելու թել, նույն ինքը՝ «տուկի թել», կարտոֆիլի սերմացու, իսկ հետո դա վերաճեց արտագնա անվճար բուժօգնության և այլն:
Այս կուսակցության ստեղծումն ու հատկապես՝ ընտրապայքարի մեջ ակտիվ ներգրավումն ընդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչներից շատերը համարում են երկրի նախագահի աշխատակազմում մշակված նախագիծ: Համենայն դեպս, նրանք դա հիմնավորում են ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանի մտերմության հայտնի ու անժխտելի հանգամանքով, այնպես էլ՝ ԲՀԿ համամասնական ցուցակով առաջադրված այն թեկնածուներով, ովքեր կամ աշխատում են նախագահի աշխատակազմում, կամ այնտեղ աշխատողների մերձավոր հարազատն են, կամ պարզապես մինչ այժմ հանդես են եկել նախագահամետ կեցվածքով: Ի դեպ, ԲՀԿ նախընտրական «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» կարգախոսն էլ ակամայից աղերսվում է 2003թ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի «Աշխատենք միասին» կարգախոսին: Սակայն ԲՀԿ-ականները քարոզարշավի ընթացքում փորձում են հնարավորինս սահմանազատվել նման ընկալումներից:
Եվ ամեն դեպքում, ԲՀԿ-ն իր վերջին համագումարում պաշտոնապես հայտարարեց, որ շուրջ370 հազար անդամ ունի: Իսկ այս քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարում է 400 հազար կուսակցական ունենալու մասին: Ըստ որում, նկատենք, դա գրեթե 120-130 հազարով ավելինէ, քաննախորդ ԱԺ ընտրություններում համամասնական կարգով առաջին տեղը գրաված ՀՀԿ-ի ստացած ձայները: Ավելին, ԲՀԿ ներկայացուցիչները նույն այդ համագումարից հետո հայտարարեցին, թե ԱԺ ընտրություններում 3-րդ տեղն իրենց չի գոհացնի: Այսինքն, նրանք հավակնում են մեծամասնության կամ առնվազն՝ կառավարության ձևավորմանը լուրջ մասնակցության հնարավորություն տվող ցուցանիշի:
ԲՀԿ-ն իրենհամարում է կենտրոնում գտնվող քաղաքական ուժ, հայտարարում է, թե չենանտեսում առկա դրական ձեռքբերումները, բայցչեն շրջանցելու նաև թերությունները, ու համենայն դեպս, ծրագրային դրույթներով, կողմնակից են իրավական պետության, արդյունավետ պետական կառավարման, ժողովրդավարական զարգացման՝ առանց ծայրահեղականության և դոգմատիզմի։ ԲՀԿ-ն ևս հրաշալի խոստումներ է տալիս, այդ թվում՝ ստվերային տնտեսության կրճատման վերաբերյալ:
Այս կուսակցությանն ուղղակիորեն առնչվող մյուս փաստը ԲՀԿ նախընտրական երկու շտաբների պայթեցումն էր ապրիլի լույս 12-ի գիշերը: Այդ պայթեցումների փաստով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, այսինքն՝ հանցագործությունը դեռ չի բացահայտվել: Չնայած, կուսակցությունն ու նաև պետության ղեկավարները հայտարարեցին, որ այդ հանցագործության հեղինակները նպատակ են հետապնդում ապակայունացնել նախընտրական իրավիճակը, և ընդհանուր առմամբ, թշնամություն են անում:
Ի դեպ, չափազանց հետաքրքիր է, որ ծանրամարտի Եվրոպայի օրերս ավարտված առաջնությունում հայ ծանրորդների ու ծանրորդուհիների ուղղակի փայլուն ելույթները, որ Հայաստանի անկախացումից հետո թերևս ամենանշանակալի մարզական հաջողությունն է, փորձ է արվում վերագրել ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին: Համենայն դեպս, մեր մարզիկների չեմպիոնական ելույթների կադրերն օգտագործվում են կուսակցության հեռուստագովազդային հոլովակում, ինչպես, Հայաստանի շախմատի չեմպիոնական թիմը՝ ՀՀԿ-ի պարագայում:
Իհարկե, յուրաքանչյուր նորմալ մարդ ուրախանում ու հպարտանում է իր պետության անունը բարձր պահող մարզիկներով ու նրանց ելույթներով: Բայց մյուս կողմից, նկատենք, որ օրինակ, Գագիկ Ծառուկյանը գլխավորում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն, ու որպես ՀԱՕԿ-ի նախագահ, որպես մեծահարուստ, իսկապես, մեծ ներդրում ունի հայրենի սպորտի զարգացման գործում: Բայց չէ՞ որ հենց դրա համար էլ նրան վստահվել է ՀԱՕԿ-ի նախագահի բարձր պաշտոնը: Ըստ որում, վստահվել է այն խոստման դիմաց, որ հաջորդ օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշն էլ վեր կխոյանա: Եվ էլի , ի դեպ, նույն այն օրերին, երբ հայ ծանրամարտիկները ուղղակի պարգևում էին մեզ այնքան սպասված հաղթական ուրախությունը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականները (հունահռոմեական և ազատ ոճի) ուղղակի տապալվեցին: Ըստ որում, ըմբշամարտիկների համար նորմալ պայմաններ ստեղծելու վրա ՀԱՕԿ-ի նախագահը ոչ պակաս լուրջ գումարներ է ծախսել: Հիմա ի՞նչ, նրա քաղաքական հակառակորդներն էլ պիտի դրա՞ վրա ուշադրություն դարձնեն: Սպորտ է, ամեն ինչ էլ կարող է պատահել: Այնպես որ, չարժե մարզիկների ելույթները ու մարզիկներին քաղաքական պայքարի մանրադրամ դարձնել, քանզի այդ մարզական ձեռքբերումները շատ ավելին արժեն, քան՝ ցանկացած կուսակցության ու անձի քաղաքական ակնկալիքները: Եվ սա, ի դեպ, ոչ միայն ԲՀԿ-ին է վերաբերվում:
Իսկ «Բարգավաճ Հայաստանը», ամեն դեպքում, հաջորդ ԱԺ-ում արդեն 2 պատգամավոր ունի, քանզի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակից Մելիք Մանուկյանը միայնակ են առաջադրված մեծամասնական թիվ 28 և 29 ընտրատարածքներում, և գործող կարգի համաձայն, եթե ԱԺ ընտրությունները կայացած հայտարարվեն, ապա նրանք նույնիսկ մի քանի ձայն ստանալով կհամարվեն ընտրված։
