Friday, May 04, 2007

Բժիշկը, հեռուստա-աստղը, հռետորն ու վերջապես մարքսիստը՝ մեկ անձով

Այն, որ Հայաստանում կա մարքսիստական կուսակցություն, փաստ է: Համենայն դեպս, Հայաստանում մարքսիստների գոյությանը տեղյակ են ազնվատոհմիկ հայերը, բիբլիական հայ ժողովուրդը, ինչպես մեզ մեծարում է այդ կուսակցության անզուգական առաջնորդ, բժիշկ Դավիթ Հակոբյանը: Եվ հենց նրա էքսցենտրիկ կերպարի հեռուստահայտնություններն ու ճոխապաճուճ, բազմագալարաճառ, խրթնակուռ և գաղափարացունց* ելույթներից է, որ ազգը տեղյակ է ծերուկ Մարքսի հայ հետնորդների գոյությանը:

Դժվար է կանխատեսել, թե «ԱԺ ընտրություններ-2007»-ում ի՞նչ արդյունք կարձանագրի Հայաստանի մարքսիստական կուսակցությունը, բայց որ Դավիթ Հակոբյանն առմիշտ կմնա հեռուստադիտողների հիշողության մեջ, գրեթե անկասկած է: Այս գործիչն ասես սնդիկով է լցված ու, բավական է շուրթերը բացի, վերջ. շրջակա միջավայրը գերհագենում է թևավոր խոսքերով և ունկնդիրների բարեհոգի ժպիտներով:

Հեռուստաէկրաններին երևալու հաճախականությամբ նա վերջին շրջանում զիջում է թերևս լուրերի հաղորդավարներին ու պաշտոնական դեմքերին (նախագահ, վարչապետ և այլն): Ըստ որում, Դավիթ Հակոբյանը ոչ միայն որպես քաղաքական գործիչ է ներկայանում, այլև՝ վերջերս փայլատակեց Հ1-ի «Երկու աստղ» երաժշտական նախագծում, ուր առանձնացավ միկրոֆոնը որպես դիրիժորական փայտիկ գործածելով:

Նրա ելակետն այն է, որ հունական և հռոմեական կայսրերն իրենց գործունեությունը սկսել են թատրոնից: Ու երաժշտական կրթություն ստացած Դավիթ Հակոբյանը «Երկու աստղ» նախագծին մասնակցել է հենց այդ սկզբունքային դիրքորոշումից ելնելով. «Քաղաքականությունը դա առաջին հերթին թատրոն է, առաջին հերթին պահանջում է խոսելու կարողություն, ոչ թե կոզլիկի նման կմկմալ»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ ընտրություններին, ապա Դավիթ Հակոբյանը առաջադրվել է նաև թիվ 41 մեծամասնական ընտրատարածքում, հայրենի Տավուշում, ավելին, նրան սատարելու է «Ազգային միաբանություն»-ը: Ըստ որում, մարքսիստների առաջնորդը իր ծննդավայրի բնակիչների հետ հանդիպման գնացել էր ԱՄ-ի հետ: Հանդիպումից Դավիթ Հակոբյանն այնքան տպավորված է եղել, որ հաջորդ օրը հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե Արտաշես Գեղամյանի համար նախատեսում է հանրապետության երեք գլխավոր պաշտոններից մեկը: Ինչպես պատմում է Panorama.am կայքէջը, «Ինչ վերաբերում է Գեղամյանի մասին մարքսիստի ունեցած այն կարծիքին, թե «мужик- ты хорош, но не орел», ապա Դ. Հակոբյանը կրկին պնդում է, որ նա2003-ին մի շատ կարևոր հնարավորություն բաց է թողել»:

«Դուք միայն ինձ եք տեսնում արենայում եւ կարծում եք, թե ես մենակ եմ, ու ասում եք` էս Հակոբյանը մենակ ո՞նց է էսքան բանը անում: Ես, ի՞նչ է, Մա՞րքսն եմ. ես կոլեգիալ մտածելակերպ եմ փոխանցում: Մեր ցուցակում ինձանից հետո 2-րդ տեղը զբաղեցնում է Տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Արշակյանը, 3-րդ տեղը զբաղեցնում է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նորիկ Այվազյանը եւ բազմաթիվ այլ արժանավոր մարդիկ էլ կան», - մեկ այլ առիթով ասել է մարքսիստ Հակոբյանը:

«Ժամանակ»-ի թղթակիցը մեջբերում է Դավիթ Հակոբյանի այլ արտահայտություններ ևս: Ըմբոշխնեք. «15 տարի է նստած են կեղծ ժողովրդավարները եւ վայ բարեփոխիչները: 90-ականների հեղափոխությունը կրիմինալ հեղափոխություն էր, որովհետեւ իշխանության եկավ կրիմինալը: Առ այսօր լուրջ քաղաքագետ ակադեմիկները գլուխ են կոտրում, որ համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ չգրված-չտեսնված բան էր, երբ90-ականներին ամբողջ քաղաքակրթության 40 դարերի պատմության մեջ տեղի ունեցավ հասարակարգի ռետրոկրատ` հետադարձ տրանսֆորմացիա. բարձր էվոլյուցիոն հասարակարգից անցում կատարվեց ցածր էվոլյուցիոն հասարակարգի»:

Կամ՝ մարքսիստների մուտքը խորհրդարան «անհրաժեշտություն է, ինչպես Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»: Եվ էլի, նույն տեղից. «Մարքսիստը իր գաղափարների քարոզչության համար բավարար է համարում նաեւ անվճար տրվող 2 րոպեանոց հեռուստաեթերները: «Բոլոր այն քաղաքական ֆավորիտները, որոնք իրենց վաղվա նախագահներ են կարծում, փախել էին լրագրողներից եւ չէին եկել այդ 2 րոպեանոց ելույթներին, որովհետեւ խտացված, խորը փիլիսոփայական բովանդակությամբ, աֆորիզմների ոճով, կարգախոսների ոճով այդ 2 րոպեն օգտագործելու ձիրքը նրանք չունեն: Նրանք սիրում են 30 րոպե դատարկահաչությամբ զբաղվել, դրա համար էլ խուսափել ու փոխարենը 2 րոպեանոց ռոլիկներ էին ուղարկելե: Ըստ պրն Հակոբյանի` ընդհանուր 60 րոպեանոց անվճար եթերաժամը 2-ական րոպեների մեջ կտրտելը «վերեւներից» թելադրված տակտիկա է, որպեսզի հնարավոր չլինի այդ ժամանակը ռեալ օգտագործել: Իսկ իրեն նույնիսկ 1 րոպեն էլ է բավարար. «Եթե դուք ուշադրություն դարձնեք մեր ելույթներին, մենք տալիս ենք ընդամենը 5-6 նախադասություն, եւ ամեն մի նախադասությունը խտացված բովանդակությամբ ազգի առջեւ դրված մի խնդիր է, ուղղակի գաղափարական հրետանի: Լուրջ քաղաքական գործիչը պիտի կարողանա 1 րոպեի մեջ էլ լիովին ոչնչացնել իր հակառակորդին»:

Եվ այլն, և այսպես շարունակ: Բայց եթե հանկարծ մարքսիստները այս ընտրություններում հաջողություն չունենան, ապա Դավիթ Հակոբյանը խոստանում է թողնել «քաղաքական արենան»: Ափսոս: Տխուր կլինի:

 * Շեղատառով նշված բառերի հեղինակը բլոգավարն է և դրանք սիրով ու անշահախնդիր ընծայում է Դավիթ Հակոբյանին, նրա հետագա ելույթներում այդ բառերը լսելու աղոտ հույսով:

Posted by PANORAMA.AM at 01:29:11 | Permanent Link | Comments (0) |
Comments
Write a comment