Friday, May 04, 2007

ՄԿՐՏԻՉ (ՍՈՍ) ԳԻՄԻՇՅԱՆ + ՔԺՎԿ. Վերադա՞րձ, թե՞ ուժերի փորձարկում

Հայաստանի քաղաքական գործիչների անսպառ շարքերում այնքան էլ շատ չեն կառուցողական մոտեցումներով աչքի ընկնող անհատները: Նրանք ոչ միայն քիչ են, այլև հնարավորինս դուրս են մղվում ասպարեզից: Ըստ որում, դուրս են մղվում քաղաքականության մեջ տնտեսական դաշտից եկածների կամ՝ կիսաքրեական տարրերի ու ստվերային եկամուտներով ապրող, մութ անցյալով կերպարների, վերջապես, քաղաքական գործունեությունը մանր չարչիության վերածած փողկապակիր երևույթների համատեղ ջանքերով: Երբ այդ խառնիճաղանջ զանգվածը սողոսկում է քաղաքականություն և սկսում է էական ազդեցություն ունենալ ընդունվող որոշումների բովանդակության վրա, այդժամ քիչ թե շատ պարկեշտ, կիրթ կամ պարզապես բանիմաց մարդիկ ուղղակի մի կողմ են քաշվում՝ դեմքներին դաջված նողկանքի արտահայտությամբ:

Անձնական համակրանք-հակակրանքներն ու զգացմունքային ընկալումները եթե մի կողմ դնենք, ապա Սոս Գիմիշյանը կառուցողական գործունեությամբ աչքի ընկնող գործչի տպավորություն է թողնում: Եթե կուզեք՝ թողել:

Այժմ նա ասպարեզ է մտել որպես նորաստեղծ (ստեղծվել է 2005թ.) «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, և այս ընտրություններում իր մասնակցության մասին Սոս Գիմիշյանն այսպես է արտահայտվում. «Ես այնքան էլ անճանաչելի գործիչ չեմ, ճիշտ է 8 տարի անցել է, երբ պատգամավորէի, բայց մինչեւ հիմա ինձ հիշում են եւ դրա հետ լուրջ հույսեր կապում եմ: Ձայների գերակշռիռմասը ակնկալումենք իբրեւ վերջին 18-19 տարիներինքաղաքականությամբ զբաղվելուարդյունք»:

Սակայն հարգարժան պարոն Գիմիշյանը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ իրեն մինչև հիմա հիշողները հիմնականում հայրենի քաղաքական զարգացումներին ուշադիր հետևողներն են, որոնք առանձնապես շատ չեն: Այո, իհարկե, մենք էլ ենք հիշում Սոս Գիմիշյանին, որ առաջին գումարման ԱԺ պատգամավոր էր (1995-99թթ.), ՀՀՇ անդամ: Սակայն դրանք չեն այս գործչի հիմնական արժանիքները: Սոս Գիմիշյանը նույնիսկ հհշականացված ԱԺ-ում այն եզակի պատգամավորներից էր, որ զբաղվում էր կոնցեպտուալ նշանակության օրենսդիր աշխատանքով, մասնավորապես, եթե չենք սխալվում, լուրջ մասնակցություն է ունեցել 90-ականների կեսերին նոր-նոր ներդրվող տեղական ինքնակառավարման ներկայիս համակարգը կանոնակարգող օրենսդրության մշակման ու այդ համակարգի կիրառման գործում: 

Բայց: Տևական դադարից հետո նա և իր համեմատաբար նորաստեղծ, քրիստոնեաժողովրդավարական գաղափարներով տոգորված կուսակցությունը կարո՞ղ են լուրջ հաջողություն ակնկալել այս ԱԺ ընտրություններում: Դժվար է ասել: Բայց դժվար է ասել՝ ավելի շատ բացասական պատասխանի ձգտող շեշտադրությամբ: Եվ խնդիրն այս դեպքում հենց ճանաչելիության մեջ է, որոշ չափով նաև ապագաղափարականացված միջավայրի:

Ըստ Սոս Գիմիշյանի, ՔԺՎԿ-ն, որպես ընդդիմություն, ընդամենը փորձելու է գնահատական տալ արվածին եւ ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման իր պատկերացումները: «168 ժամ»-ի կազմակերպած քննարկման ժամանակ նա մասնավորապես ասել է. «Մենք մեր քարոզարշավը վարելու ենք հետեւյալ սկզբունքներից ելնելով, որ երկրում կա որոշակի դրական շարժ, շատ քիչ, բայց կա: Դրականը ֆիքսելու ենք, այո, ասելու ենք` սա լավ է: Չի կարելի լավը չտեսնել, այդ դեպքում իրավունք չես ունենա վատն ասել: Վատի մասին շեշտադրումներ անելու ենք, առաջարկելու ենք լուծումներ: Առաջարկվում է 2,5 անգամ թոշակները բարձրացնել: Ես համոզված եմ, որ Հայաստանում գոյություն ունեցող ստվերային տնտեսության ընդամենը 10%-ով կարելի է երկու անգամ բարձրացնել թոշակը»:

Նա նշել է նաեւ, թե իրենք կոնկրետ էլեկտորատ ունեն, կոնկրետ մարդիկ ունեն, որոնց հետ հույսեր են կապում:

Բայց մյուս կողմից, դժվար է համաձայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման նրա մոտեցումը, ըստ որի, եթե Հայաստանում ժողովրդավարական պետություն ստեղծենք, «ԼՂ հարցն ինքն իրեն լուծվելու է` առանց մեծ ճիգերի»: Ավելին, նման դիրքորոշումը ցույց է տալիս, որ պետության ու ազգի հետագա զարգացման առումով էական ազդեցություն ունեցող խնդիրն առարկայական լուրջ վերլուծության չի ենթարկվել: Հրաշալի կլիներ, եթե Հայաստանը «արևմտյան մոդելի» ժողովրդավարական պետություն լիներ, որպիսին գուցե մի օր դառնա էլ: Այնուամենայնիվ, դա  որքան էլ անհրաժեշտ, բայց ամենևին դեռ բավարար պայման չէ Արցախի հիմնախնդիրը լուծելու համար: Ու որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, նկատենք, որ գոնե մինչև 1994 թվականի դեկտեմբերի 28-ը (ՀՅԴ գործունեության ապօրինի կասեցումն ու մի տասնյակի չափ ԶԼՄ-ների ապօրինի փակումը) կամ մինչև 1995 թվականի հուլիսի 5-ի ԱԺ ընտրությունները Հայաստանը շատ էլ ժողովրդավարական պետություն էր: Այնքան ժողովրդավարական, որ Արևմտյան տերությունները մեզ անվանում էին Հարավային Կովկասի «ժողովրդավարության կղզյակ»: Ի՞նչ է, դրանով լուծվե՞ց Արցախի հիմնախնդիրը: Ինչևէ:

Հեռակա բանավեճի փոխարեն, առաջարկում եմ ուշադիր ծանոթանալ այս կուսակցության համամասնական համեստ ցուցակին: Այստեղ կարելի է հանդիպել ԳԽ և ԱԺ պատգամավոր, լրագրող և նույնպես կիրթ գործիչների շարքը դասվող Այդին Մորիկյանին (նա 4-րդն է), էլի նախկին պատգամավոր, քիմիկոս, նաև ժամանակին՝ 90-ականների վերջերին «Նաիրիտը» ղեկավարած Գագիկ Ներսիսյանին (5-րդը):

Իսկ թե ո՞րը կլինի վերնագրում նշված հարցի փաստացի պատասխանը, հայտնի կդառնա մի ինչ-որ 10 օրից:
Posted by PANORAMA.AM at 00:20:53 | Permanent Link | Comments (0) |
Comments
Write a comment