Sunday, May 20, 2007

ԱԴԱՄԱՆԴԵ ՇՈԳԵՔԱՐՇԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑԸ

Այ, գրեցի վերնագիրն ու մտածում եմ, թե ի՜նչ մանր բաների վրա է երբեմն վատնվում մարդուս ստեղծագործ ավյունը։ Մյունհաուզենը, ռուսական (պետք էր ասել՝ խորհրդային) կինոյի ու թատրոնի սիրված դերասան Յանկովսկու շուրթերով կնկատեր. «Ի՜նչ խոստումնալից վերնագիր է՝ քաղաքական-արկածային վիպակի համար»։ Բայց, ավա՜ղ, բավարարվենք քաղաքականամերձ-արկածախնդիրների մասին ռեպլիկով։

Թյուրընկալումներից ի սկզբանե, իսկ հայրենի քաղաքական պսևդո-էլիտայի համար մատչելի լեզվով ասած՝ գլխանց խուսափելու համար, միանգամից նկատենք, որ այսուհետ ասվածը պետք չէ անձնավորված ընկալել ու որևէ անձի վիրավորելու նպատակ չենք հետապնդում։ Խոսքը երևույթի մասին է, տվյալ դեպքում «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանի կամ, ինչպես շատերն են ասում՝ Կարապետիչի երևույթի մասին։

Ցուրտ ու մութ տարիները ռուսաստաններում բավականին ձեռներեց կենսակերպով անցկացրած, իսկ ժամանակների համեմատական բարելավման հետ Հայաստան վերադարձած ու բուռն հեռուստաեթերային, քարոզչական ու նվիրատվական գործունեություն ծավալած այդ այրը շատ արագ հայտնի դարձավ ու ամենակարևորը՝ կռահեց, որ Հայաստանում տիրող ծախու մթնոլորտում քաղաքական ասպարեզի դռներն իրեն համար բաց են։ Իսկ բաց դռնից ներս չմտնել, կնշանակեր՝ կորցնել շանսը։ Մտավ։

Օրերս ավարտված ԱԺ ընտրություններում Տիգրան Կարապետյանի գլխավորած կուսակցությունը, որի համամասնական թեկնածուների ցուցակում ընդգրկվել էին ՕԵԿ-ի նավակից ցատկած մի խումբ գործարարներ, բավարար քվեներ չստացավ՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար։ Դրան հաջորդեցին Տիգրան Կարապետյանի զայրացած, մուննաթոտ հայտարարությունները՝ համեմված տարակուսանքի հատուկենտ նոտաներով։

Չեմ թաքցնում. երբ իմացա, որ Տիգրան Կարապետյանն ու իր գլխավորած կուսակցությունը չի ընտրվել, ուրախացա, երեևի Արմեն Մազմանյանի չափ։ Ուրախացա, որովհետև նման արդյունքը թույլ է տալիս մինչև վերջ վատ չմտածել սեփական ազգի բարոյահոգեբանական անկման մասին։

Ինքը՝ Կարապետիչը, զարակուսած էր, այսինքն՝ զայրացած ու տարակուսած էր միաժամանակ։ Իսկ ի՞նչ է նա ասում։ Իսկ նա ասում է, որ այլևս չի լինելու «Շոգեքարշ» հաղորդումը, որի ժամանակ նա տարեց մարդկանց հեռուստացույցներ էր տալիս։ Ասում է, որ էլ չի լինելու այն հաղորդումը, որի ժամանակ երգում էին բոլորը՝ ընդունակ-անընդունակ, էլ «Ադամանդներ» չի բաժանելու։

Եվ ուրեմն՝ փառքդ շատ, Տեր Աստված, որ այդ ամենը չի լինելու։

Չնայած տողերիս հեղինակին ու նաև բազմաթիվ իմ հայրենակիցների պարզորոշ հասկանալի էր ու է, թե Տիգրան Կարապետյանն ի՞նչ նպատակով էր «բարեգործություն» ծավալել, բայց այնուամենայնիվ նրա՝ Կարապետիչի անձնական խոստովանությունն ավելի հետաքրքիր է։ Նա ասում է, որ այդ հաղորդումները իր անձնական հեռուստաալիքի եթերից հանում է, որովհետև բնակավայրերից մեկի ներկայացուցիչներին 100-ից ավելի հեռուստացույց է նվիրել, սակայն այնտեղից իր կուսակցության օգտին ընդամենը 45 ձայն է ստացել։

Այսինքն՝ նա խոստովանում է, որ հեռուստացույցներ տալիս էր ձայն ստանալու համար, կարճ ասած՝ քվե էր առնում, ըստ որում, դա ցուցադրելով հեռուստատեսությամբ։ Ճիշտ է, Հայաստանի համապատասխան պետական ատյանները, առաջին հերթին՝ ԿԸՀ-ն ու պատկան այլ մարմիններ, սովորության համաձայն, աչք փակեցին օրենքի խախտման այդ ակնհայտ փաստերի վրա, սակայն բնականորեն հաստատվող դանդաղընթաց արդարությունը, այնուամենայնիվ, մի քիչ հաղթանակեց, ի դեպ, ինչպես միշտ։

Կցանկանայինք գրել՝ «արդարությունը հաղթանակեց», բայց չենք կարող։ Չենք կարող, որովհետև Կարապետիչի օրինակը եզակի չէր։ Նույն «Բարագավաճ Հայաստանը», ետին թվով ներկայանալով որպես «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ կարտոֆիլի սերմացու և տուկի թել էր բաժանում դեռ ընտրություններից շատ առաջ, չհաշված զանգվածային բուժօգնության անվճար ակցիաները, սակայն ոչ միայն ընտրվեց ԱԺ, այլև գրավեց երկրորդ տեղը, ստանալով 200 հազարից ավելի ձայն։ Հանուն արդարության, պետք է նկատել, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկողներից ոչ բոլորն են, որ այդպես են վարվել՝ Հայաստանի կառավարության աշխատանքով հիացած լինելու պատճառով։ Այս դեպքում էլ կան մամուլի բազմաթիվ հրապարակումներ, որոնց համաձայն, մարդկանց հանրապետական կողմնորոշմանը նպաստել են Հովհաննես Թումանյանի ու Ավետիք Իսահակյանի դիմանկարները կրող պետական արժեքավոր թղթերը։

Իսկ թե այդ նույն արժեքավոր պետական թղթերով քանի ձայնաթուղթ են ձեռք բերել մեծամասնականով ասպարեզ մտած մականունակիր ու անմականուն, բայց համախառն՝ անդեմ կոճակսեղմողները, իրենք գիտեն ու մեկ էլ ողջ հանրապետությունը։

Սա իհարկե, տխուր ու խոշոր երանգ է ավելացնում ընդհանուր պատկերին, ուրվագծելով հասարակության բարոյահոգեբանական փչացածության աստիճանը ու թույլ չտալով մի փոքր էլ լավ մտածել նույն այդ հասարակության հոգեվիճակի մասին։

Ի դեպ, վերնագրից հետո ակնարկված «մանր բաների» մասին։ կարծեմ Փոքրիկ Իշխանն էր պատմում այն ավերածությունների մասին, որ գործում են ժամանակին չնկատված ու արմատախիլ չարված բաոբաբի անմեղ թվացող ծիլերը։ Ցավոք, քաղհանի պահից մեր հասարակությունն էապես, մի 11-12 տարով ուշացել է։ Հա, իսկ ադամանդե շոգեքարշի վերջին կառամատույցը ուղղակի տխուր մի կետ է, որտեղ այլևս չկան քաղաքացիներ, բայց հազարներով վխտում են բացարձակ ստամոքսամիտ սպառողներ, և կառամատույցն այդ գտնվում է մի վայրում, որտեղ ավարտվում է պետությունն ու սկսվում է անհայրենիք մի տարածք։

Մեզ պե՞տք է նման կառամատույցում հայտնվել։

  

Posted by PANORAMA.AM at 18:25:37 | Permanent Link | Comments (0) |

Sunday, May 13, 2007

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ... ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ այսպես. «ԱԺ ընտրություններ-2007»-ի առանցքային կամ կուլմինացիոն հատվածը, ի դեմս մայիսի 12-ին տեղի ունեցած քվեարկության և «ձայները հաշվելու», նախնական արդյունքները հրապարակելու և ի մի բերելու ընթացակարգերի, կարելի է համարել ավարտված: Առջևում հետընտրական գործընթացներն են ու... հաջորդ՝ նախագահական ընտրությունները, ընդամենը մի ինչ-որ 9-10 ամիս հետո:

Բայց մինչև այդ 9-10 ամիսը առաջիկա մեկ ամսում դեռ պետք է հաղթահարել խորհրդարանում ուժերի նոր դասավորության ու դրանց փոխգործակցության կամ չգործակցության դրվագները, հատկապես՝ նոր կառավարություն կազմավորելու պահն ու դրա անդրկուլիսային, ներախպերական նրբերանգները:

Եթե մի պակաս բան կար էլ, ապա ԱՊՀ դիտորդական առաքելության ոգևորված ու հատկապես Եվրոպայի կառույցների դիտորդական առաքելության ղեկավարների զուսպ-դրական գնահատականները շատ բան իրենց տեղը դրեցին:

Փորձենք ուրեմն մի քանի նախնական գնահատական էլ մենք ամբողջացնենք: Նախ, քվեարկության նախնական արդյունքը ցույց տվեց, որ Հանրապետական կուսակցության քարոզչական ակտիվ աշխատանքն անպտուղ չանցավ, ապահովելով ինչ-որ տեղ՝ կանխատեսելի և օրինաչափ հաղթանակ՝ համամասնական ընտրակարգով ստացած ավելի քան 30 տոկոսի սահմանագծում:

Մյուս կողմից, «Բարգավաճ Հայաստանի» ստացած համամասնական մոտ 15 տոկոսը կարելի է լուրջ ձեռքբերում համարել քաղաքական դաշտում նորամուտը նշող այդ ուժի համար: Անկախ իրենց հավակնոտ հայտարարություններից ու գիգանտոմանիայի դրսևորմամբ հավաքագրված կուսակցականների թվից, 200 հազարից ավելի ձայներ ստանալը ԲՀԿ-ն պետք է որ իսկապես հաջողություն համարի:

Այդ խորապատկերի վրա ՀՅԴ-ն, կարելի է ասել, նույնպես պատվաբեր արդյունք արձանագրեց՝ 12 և 13 տոկոսի միջակայքում (նախնականը), ցույց տալով, որ ունի ոչ միայն իր կայուն ու հավատարիմ ընտրազանգվածը, այլև վայելում է Դաշնակցության գաղափարները համակրող քաղաքացիների շատ ավելի մեծ զանգվածի աջակցությունը: Ըստ որում, պետք է նկատել, որ սա որակյալ ընտրազանգված է՝ գերազանցապես գաղափարական շեշտադրությամբ:

Հետաքրքիր է «Օրինաց երկրի» մոտ 7 տոկոսը: Համենայն դեպս, պոպուլիզմը, մեկ տարի առաջ իշխանական կոստյումը ընդդիմադիրի թիկնոցով փոխարինելն ու հայտնի ձայնագրության բովանդակության առթիվ երկրի նախագահի բացասական գնահատականին առժանանալը Արթուր Բաղդասարյանին թույլ տվեցին ՕԵԿ-ի համար պահպանել  խորհրդարանական ուժի կարգավիճակը:

Որոշակիորեն ոգևորիչ է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգության» 6-ի ձգտող 5,8 տոկոսը: Նման որակի ընդդիմություն ու խորհրդարանում Ր.Հովհաննիսյանի կարգի քաղաքական գործչի ներկայացված լինելը կարելի է միայն դրական գնահատել: Ճիշտ է, մի քիչ դժվար է պատկերացնել դաշնակցականներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, Լարիսա Ալավերդյանին կամ Անահիտ Բախշյանին՝ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի մականունավոր ներկայացուցիչների հետ նույն ԱԺ-ում: Բայց գոնե խորհրդարանում կլինեն մարդիկ, ումից լրագրողները կարող են կարծիք հարցնել՝ առանց սեփական առողջությունը վտանգելու և արժանապատվությունը նվաստացնելու:

Անակնկալ կարելի էր համարել Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի ու Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանության» արձանագրած նախնական արդյունքները, բայց նաև պետք է նկատել, որ այդ 2 ուժերն էլ երկար ժամանակ եղել են խորհրդարանում և միգուցե այդ հանգամանքը նրանց ավելորդ վստահություն էր հաղորդել, թե 5 տոկոսն իրենց համար խնդիր չէ: Համենայն դեպս, խիստ սուբյեկտիվ կարծիք հայտնելով պետք է նկատեմ, որ այդ երկու ուժերը հոգնած տեսք ունեին, հատկապես՝ «Ժառանգության» կամ «Իմպիչմենտի» ֆոնի վրա:

Ի դեպ, «Իմպիչմենտի» և այդ դաշինքին միացածների մասին: «Իմպիչմենտը», «Նոր ժամանակները» և Հանրապետությունը, ինչպեսև պետք էր սպասել, հայտարարում են ահռելի, հարյուր հազարավոր ձայների հասնող ընտրակեղծիքների մասին, ինչը դժվարընկալելի հատկապես եվրոդիտորդների դրական հայտարարությունների ֆոնի վրա: Իսկ եվրոդիտորդները, որ թերևս ամենաբծախնդիրներից են, դժվար թե աչքաթող անեին այդչափի աղաղակող կեղծիքներ: Սակայն մեկ այլ հարց է կարևոր, իսկ ո՞ւմ էր պետք արմատական տրամադրված ընտրազանգվածի ձայների փոշիացումը «Նոր ժամանակներ», Հանրապետություն կուսակցությունների ու «Իմպիչմենտի» միջև: Ըստ որում, հետաքրքիր էր վերջին հանրահավաքում ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի մասնակցությունը: Այն նույն Ստեփան Դեմիրճյանի, որին նույն այդ իմպիչմենտականները մի քանի օր առաջ մեղադրում էին իշխանություններին ծախվելու մեջ:

Հետևենք դեպքերի զարգացմանը:
Posted by PANORAMA.AM at 21:57:02 | Permanent Link | Comments (0) |

Saturday, May 05, 2007

ՄԻԱՍԻՆ ԲԱՐԳԱՎԱՃԵԼՈՒ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

Անկախ այն բանից, թե ի՞նչ արդյունք կարձանագրի «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) «ԱԺ ընտրություններ-2007»-ում, անկասկած է, որ այս կուսակցության մասին խոսակցությունները երկար կշարունակվեն: Հենց միայն այն, որ այս համեմատաբար նորաստեղծ կուսակցությունը գլխավորում է «Մուլտի գրուփ» կոնցեռնի նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, բավական էր, որպեսզի ընտրություններից դեռ շատ առաջ «Բարգավաճ Հայաստանի» մասին լիուլի խոսվի՝ թերթերում, հեռուստատեսությամբ: Տվյալ դեպքում չենք առանձնացնում. դրակա՞ն, չեզո՞ք, թե՞ բացասական անդրադարձեր են եղել: Ըստ որում, եթե նկատենք, որ «լավագույն գովազդը հակագովազդն է», ապա «Բարգավաճ Հայաստանի» և Գագիկ Ծառուկյանի անուններն անընդհատ տեղեկատվական շրջանառության մեջ են:

Մանավանդ, որ կուսակցությունն ու նրա ղեկավարը նախընտրական տարում անգործ չէին նստել: Նկատի ունենք, մասնավորապես այն, որ անցյալ տարվանից սկսած, ԲՀԿ անունից, բայց փաստաթղթորեն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով հատկապես գյուղերում բաժանվում էր խոտի հակերը կապելու թել, նույն ինքը՝ «տուկի թել», կարտոֆիլի սերմացու, իսկ հետո դա վերաճեց արտագնա անվճար բուժօգնության և այլն:

Այս կուսակցության ստեղծումն ու հատկապես՝ ընտրապայքարի մեջ ակտիվ ներգրավումն ընդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչներից շատերը համարում են երկրի նախագահի աշխատակազմում մշակված նախագիծ: Համենայն դեպս, նրանք դա հիմնավորում են ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանի մտերմության հայտնի ու անժխտելի հանգամանքով, այնպես էլ՝ ԲՀԿ համամասնական ցուցակով առաջադրված այն թեկնածուներով, ովքեր կամ աշխատում են նախագահի աշխատակազմում, կամ այնտեղ աշխատողների մերձավոր հարազատն են, կամ պարզապես մինչ այժմ հանդես են եկել նախագահամետ կեցվածքով: Ի դեպ, ԲՀԿ նախընտրական «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» կարգախոսն էլ ակամայից աղերսվում է 2003թ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի «Աշխատենք միասին» կարգախոսին: Սակայն ԲՀԿ-ականները քարոզարշավի ընթացքում փորձում են հնարավորինս սահմանազատվել նման ընկալումներից:

Եվ ամեն դեպքում, ԲՀԿ-ն իր վերջին համագումարում պաշտոնապես հայտարարեց, որ շուրջ370 հազար անդամ ունի: Իսկ այս քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարում է 400 հազար կուսակցական ունենալու մասին: Ըստ որում, նկատենք, դա գրեթե 120-130 հազարով ավելինէ, քաննախորդ ԱԺ ընտրություններում համամասնական կարգով առաջին տեղը գրաված ՀՀԿ-ի ստացած ձայները: Ավելին, ԲՀԿ ներկայացուցիչները նույն այդ համագումարից հետո հայտարարեցին, թե ԱԺ ընտրություններում 3-րդ տեղն իրենց չի գոհացնի: Այսինքն, նրանք հավակնում են մեծամասնության կամ առնվազն՝ կառավարության ձևավորմանը լուրջ մասնակցության հնարավորություն տվող ցուցանիշի:

ԲՀԿ-ն իրենհամարում է կենտրոնում գտնվող քաղաքական ուժ, հայտարարում է, թե չենանտեսում առկա դրական ձեռքբերումները, բայցչեն շրջանցելու նաև թերությունները, ու համենայն դեպս, ծրագրային դրույթներով, կողմնակից են իրավական պետության, արդյունավետ պետական կառավարման, ժողովրդավարական զարգացման՝ առանց ծայրահեղականության և դոգմատիզմի։ ԲՀԿ-ն ևս հրաշալի խոստումներ է տալիս, այդ թվում՝ ստվերային տնտեսության կրճատման վերաբերյալ:

Այս կուսակցությանն ուղղակիորեն առնչվող մյուս փաստը ԲՀԿ նախընտրական երկու շտաբների պայթեցումն էր ապրիլի լույս 12-ի գիշերը: Այդ պայթեցումների փաստով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, այսինքն՝ հանցագործությունը դեռ չի բացահայտվել: Չնայած, կուսակցությունն ու նաև պետության ղեկավարները հայտարարեցին, որ այդ հանցագործության հեղինակները նպատակ են հետապնդում ապակայունացնել նախընտրական իրավիճակը, և ընդհանուր առմամբ, թշնամություն են անում:

Ի դեպ, չափազանց հետաքրքիր է, որ ծանրամարտի Եվրոպայի օրերս ավարտված առաջնությունում հայ ծանրորդների ու ծանրորդուհիների ուղղակի փայլուն ելույթները, որ Հայաստանի անկախացումից հետո թերևս ամենանշանակալի մարզական հաջողությունն է, փորձ է արվում վերագրել ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին: Համենայն դեպս, մեր մարզիկների չեմպիոնական ելույթների կադրերն օգտագործվում են կուսակցության հեռուստագովազդային հոլովակում, ինչպես, Հայաստանի շախմատի չեմպիոնական թիմը՝ ՀՀԿ-ի պարագայում:

Իհարկե, յուրաքանչյուր նորմալ մարդ ուրախանում ու հպարտանում է իր պետության անունը բարձր պահող մարզիկներով ու նրանց ելույթներով: Բայց մյուս կողմից, նկատենք, որ օրինակ, Գագիկ Ծառուկյանը գլխավորում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն, ու որպես ՀԱՕԿ-ի նախագահ, որպես մեծահարուստ, իսկապես, մեծ ներդրում ունի հայրենի սպորտի զարգացման գործում: Բայց չէ՞ որ հենց դրա համար էլ նրան վստահվել է ՀԱՕԿ-ի նախագահի բարձր պաշտոնը: Ըստ որում, վստահվել է այն խոստման դիմաց, որ հաջորդ օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշն էլ վեր կխոյանա: Եվ էլի , ի դեպ, նույն այն օրերին, երբ հայ ծանրամարտիկները ուղղակի պարգևում էին մեզ այնքան սպասված հաղթական ուրախությունը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականները (հունահռոմեական և ազատ ոճի) ուղղակի տապալվեցին: Ըստ որում, ըմբշամարտիկների համար նորմալ պայմաններ ստեղծելու վրա ՀԱՕԿ-ի նախագահը ոչ պակաս լուրջ գումարներ է ծախսել: Հիմա ի՞նչ, նրա քաղաքական հակառակորդներն էլ պիտի դրա՞ վրա ուշադրություն դարձնեն: Սպորտ է, ամեն ինչ էլ կարող է պատահել: Այնպես որ, չարժե մարզիկների ելույթները ու մարզիկներին քաղաքական պայքարի մանրադրամ դարձնել, քանզի այդ մարզական ձեռքբերումները շատ ավելին արժեն, քան՝ ցանկացած կուսակցության ու անձի քաղաքական ակնկալիքները: Եվ սա, ի դեպ, ոչ միայն ԲՀԿ-ին է վերաբերվում:

Իսկ «Բարգավաճ Հայաստանը», ամեն դեպքում, հաջորդ ԱԺ-ում արդեն 2 պատգամավոր ունի, քանզի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակից Մելիք Մանուկյանը միայնակ են առաջադրված մեծամասնական թիվ 28 և 29 ընտրատարածքներում, և գործող կարգի համաձայն, եթե ԱԺ ընտրությունները կայացած հայտարարվեն, ապա նրանք նույնիսկ մի քանի ձայն ստանալով կհամարվեն ընտրված։
Posted by PANORAMA.AM at 22:46:15 | Permanent Link | Comments (0) |

Friday, May 04, 2007

Բժիշկը, հեռուստա-աստղը, հռետորն ու վերջապես մարքսիստը՝ մեկ անձով

Այն, որ Հայաստանում կա մարքսիստական կուսակցություն, փաստ է: Համենայն դեպս, Հայաստանում մարքսիստների գոյությանը տեղյակ են ազնվատոհմիկ հայերը, բիբլիական հայ ժողովուրդը, ինչպես մեզ մեծարում է այդ կուսակցության անզուգական առաջնորդ, բժիշկ Դավիթ Հակոբյանը: Եվ հենց նրա էքսցենտրիկ կերպարի հեռուստահայտնություններն ու ճոխապաճուճ, բազմագալարաճառ, խրթնակուռ և գաղափարացունց* ելույթներից է, որ ազգը տեղյակ է ծերուկ Մարքսի հայ հետնորդների գոյությանը:

Դժվար է կանխատեսել, թե «ԱԺ ընտրություններ-2007»-ում ի՞նչ արդյունք կարձանագրի Հայաստանի մարքսիստական կուսակցությունը, բայց որ Դավիթ Հակոբյանն առմիշտ կմնա հեռուստադիտողների հիշողության մեջ, գրեթե անկասկած է: Այս գործիչն ասես սնդիկով է լցված ու, բավական է շուրթերը բացի, վերջ. շրջակա միջավայրը գերհագենում է թևավոր խոսքերով և ունկնդիրների բարեհոգի ժպիտներով:

Հեռուստաէկրաններին երևալու հաճախականությամբ նա վերջին շրջանում զիջում է թերևս լուրերի հաղորդավարներին ու պաշտոնական դեմքերին (նախագահ, վարչապետ և այլն): Ըստ որում, Դավիթ Հակոբյանը ոչ միայն որպես քաղաքական գործիչ է ներկայանում, այլև՝ վերջերս փայլատակեց Հ1-ի «Երկու աստղ» երաժշտական նախագծում, ուր առանձնացավ միկրոֆոնը որպես դիրիժորական փայտիկ գործածելով:

Նրա ելակետն այն է, որ հունական և հռոմեական կայսրերն իրենց գործունեությունը սկսել են թատրոնից: Ու երաժշտական կրթություն ստացած Դավիթ Հակոբյանը «Երկու աստղ» նախագծին մասնակցել է հենց այդ սկզբունքային դիրքորոշումից ելնելով. «Քաղաքականությունը դա առաջին հերթին թատրոն է, առաջին հերթին պահանջում է խոսելու կարողություն, ոչ թե կոզլիկի նման կմկմալ»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ ընտրություններին, ապա Դավիթ Հակոբյանը առաջադրվել է նաև թիվ 41 մեծամասնական ընտրատարածքում, հայրենի Տավուշում, ավելին, նրան սատարելու է «Ազգային միաբանություն»-ը: Ըստ որում, մարքսիստների առաջնորդը իր ծննդավայրի բնակիչների հետ հանդիպման գնացել էր ԱՄ-ի հետ: Հանդիպումից Դավիթ Հակոբյանն այնքան տպավորված է եղել, որ հաջորդ օրը հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե Արտաշես Գեղամյանի համար նախատեսում է հանրապետության երեք գլխավոր պաշտոններից մեկը: Ինչպես պատմում է Panorama.am կայքէջը, «Ինչ վերաբերում է Գեղամյանի մասին մարքսիստի ունեցած այն կարծիքին, թե «мужик- ты хорош, но не орел», ապա Դ. Հակոբյանը կրկին պնդում է, որ նա2003-ին մի շատ կարևոր հնարավորություն բաց է թողել»:

«Դուք միայն ինձ եք տեսնում արենայում եւ կարծում եք, թե ես մենակ եմ, ու ասում եք` էս Հակոբյանը մենակ ո՞նց է էսքան բանը անում: Ես, ի՞նչ է, Մա՞րքսն եմ. ես կոլեգիալ մտածելակերպ եմ փոխանցում: Մեր ցուցակում ինձանից հետո 2-րդ տեղը զբաղեցնում է Տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Արշակյանը, 3-րդ տեղը զբաղեցնում է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նորիկ Այվազյանը եւ բազմաթիվ այլ արժանավոր մարդիկ էլ կան», - մեկ այլ առիթով ասել է մարքսիստ Հակոբյանը:

«Ժամանակ»-ի թղթակիցը մեջբերում է Դավիթ Հակոբյանի այլ արտահայտություններ ևս: Ըմբոշխնեք. «15 տարի է նստած են կեղծ ժողովրդավարները եւ վայ բարեփոխիչները: 90-ականների հեղափոխությունը կրիմինալ հեղափոխություն էր, որովհետեւ իշխանության եկավ կրիմինալը: Առ այսօր լուրջ քաղաքագետ ակադեմիկները գլուխ են կոտրում, որ համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ չգրված-չտեսնված բան էր, երբ90-ականներին ամբողջ քաղաքակրթության 40 դարերի պատմության մեջ տեղի ունեցավ հասարակարգի ռետրոկրատ` հետադարձ տրանսֆորմացիա. բարձր էվոլյուցիոն հասարակարգից անցում կատարվեց ցածր էվոլյուցիոն հասարակարգի»:

Կամ՝ մարքսիստների մուտքը խորհրդարան «անհրաժեշտություն է, ինչպես Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»: Եվ էլի, նույն տեղից. «Մարքսիստը իր գաղափարների քարոզչության համար բավարար է համարում նաեւ անվճար տրվող 2 րոպեանոց հեռուստաեթերները: «Բոլոր այն քաղաքական ֆավորիտները, որոնք իրենց վաղվա նախագահներ են կարծում, փախել էին լրագրողներից եւ չէին եկել այդ 2 րոպեանոց ելույթներին, որովհետեւ խտացված, խորը փիլիսոփայական բովանդակությամբ, աֆորիզմների ոճով, կարգախոսների ոճով այդ 2 րոպեն օգտագործելու ձիրքը նրանք չունեն: Նրանք սիրում են 30 րոպե դատարկահաչությամբ զբաղվել, դրա համար էլ խուսափել ու փոխարենը 2 րոպեանոց ռոլիկներ էին ուղարկելե: Ըստ պրն Հակոբյանի` ընդհանուր 60 րոպեանոց անվճար եթերաժամը 2-ական րոպեների մեջ կտրտելը «վերեւներից» թելադրված տակտիկա է, որպեսզի հնարավոր չլինի այդ ժամանակը ռեալ օգտագործել: Իսկ իրեն նույնիսկ 1 րոպեն էլ է բավարար. «Եթե դուք ուշադրություն դարձնեք մեր ելույթներին, մենք տալիս ենք ընդամենը 5-6 նախադասություն, եւ ամեն մի նախադասությունը խտացված բովանդակությամբ ազգի առջեւ դրված մի խնդիր է, ուղղակի գաղափարական հրետանի: Լուրջ քաղաքական գործիչը պիտի կարողանա 1 րոպեի մեջ էլ լիովին ոչնչացնել իր հակառակորդին»:

Եվ այլն, և այսպես շարունակ: Բայց եթե հանկարծ մարքսիստները այս ընտրություններում հաջողություն չունենան, ապա Դավիթ Հակոբյանը խոստանում է թողնել «քաղաքական արենան»: Ափսոս: Տխուր կլինի:

 * Շեղատառով նշված բառերի հեղինակը բլոգավարն է և դրանք սիրով ու անշահախնդիր ընծայում է Դավիթ Հակոբյանին, նրա հետագա ելույթներում այդ բառերը լսելու աղոտ հույսով:

Posted by PANORAMA.AM at 01:29:11 | Permanent Link | Comments (0) |

ՄԿՐՏԻՉ (ՍՈՍ) ԳԻՄԻՇՅԱՆ + ՔԺՎԿ. Վերադա՞րձ, թե՞ ուժերի փորձարկում

Հայաստանի քաղաքական գործիչների անսպառ շարքերում այնքան էլ շատ չեն կառուցողական մոտեցումներով աչքի ընկնող անհատները: Նրանք ոչ միայն քիչ են, այլև հնարավորինս դուրս են մղվում ասպարեզից: Ըստ որում, դուրս են մղվում քաղաքականության մեջ տնտեսական դաշտից եկածների կամ՝ կիսաքրեական տարրերի ու ստվերային եկամուտներով ապրող, մութ անցյալով կերպարների, վերջապես, քաղաքական գործունեությունը մանր չարչիության վերածած փողկապակիր երևույթների համատեղ ջանքերով: Երբ այդ խառնիճաղանջ զանգվածը սողոսկում է քաղաքականություն և սկսում է էական ազդեցություն ունենալ ընդունվող որոշումների բովանդակության վրա, այդժամ քիչ թե շատ պարկեշտ, կիրթ կամ պարզապես բանիմաց մարդիկ ուղղակի մի կողմ են քաշվում՝ դեմքներին դաջված նողկանքի արտահայտությամբ:

Անձնական համակրանք-հակակրանքներն ու զգացմունքային ընկալումները եթե մի կողմ դնենք, ապա Սոս Գիմիշյանը կառուցողական գործունեությամբ աչքի ընկնող գործչի տպավորություն է թողնում: Եթե կուզեք՝ թողել:

Այժմ նա ասպարեզ է մտել որպես նորաստեղծ (ստեղծվել է 2005թ.) «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, և այս ընտրություններում իր մասնակցության մասին Սոս Գիմիշյանն այսպես է արտահայտվում. «Ես այնքան էլ անճանաչելի գործիչ չեմ, ճիշտ է 8 տարի անցել է, երբ պատգամավորէի, բայց մինչեւ հիմա ինձ հիշում են եւ դրա հետ լուրջ հույսեր կապում եմ: Ձայների գերակշռիռմասը ակնկալումենք իբրեւ վերջին 18-19 տարիներինքաղաքականությամբ զբաղվելուարդյունք»:

Սակայն հարգարժան պարոն Գիմիշյանը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ իրեն մինչև հիմա հիշողները հիմնականում հայրենի քաղաքական զարգացումներին ուշադիր հետևողներն են, որոնք առանձնապես շատ չեն: Այո, իհարկե, մենք էլ ենք հիշում Սոս Գիմիշյանին, որ առաջին գումարման ԱԺ պատգամավոր էր (1995-99թթ.), ՀՀՇ անդամ: Սակայն դրանք չեն այս գործչի հիմնական արժանիքները: Սոս Գիմիշյանը նույնիսկ հհշականացված ԱԺ-ում այն եզակի պատգամավորներից էր, որ զբաղվում էր կոնցեպտուալ նշանակության օրենսդիր աշխատանքով, մասնավորապես, եթե չենք սխալվում, լուրջ մասնակցություն է ունեցել 90-ականների կեսերին նոր-նոր ներդրվող տեղական ինքնակառավարման ներկայիս համակարգը կանոնակարգող օրենսդրության մշակման ու այդ համակարգի կիրառման գործում: 

Բայց: Տևական դադարից հետո նա և իր համեմատաբար նորաստեղծ, քրիստոնեաժողովրդավարական գաղափարներով տոգորված կուսակցությունը կարո՞ղ են լուրջ հաջողություն ակնկալել այս ԱԺ ընտրություններում: Դժվար է ասել: Բայց դժվար է ասել՝ ավելի շատ բացասական պատասխանի ձգտող շեշտադրությամբ: Եվ խնդիրն այս դեպքում հենց ճանաչելիության մեջ է, որոշ չափով նաև ապագաղափարականացված միջավայրի:

Ըստ Սոս Գիմիշյանի, ՔԺՎԿ-ն, որպես ընդդիմություն, ընդամենը փորձելու է գնահատական տալ արվածին եւ ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման իր պատկերացումները: «168 ժամ»-ի կազմակերպած քննարկման ժամանակ նա մասնավորապես ասել է. «Մենք մեր քարոզարշավը վարելու ենք հետեւյալ սկզբունքներից ելնելով, որ երկրում կա որոշակի դրական շարժ, շատ քիչ, բայց կա: Դրականը ֆիքսելու ենք, այո, ասելու ենք` սա լավ է: Չի կարելի լավը չտեսնել, այդ դեպքում իրավունք չես ունենա վատն ասել: Վատի մասին շեշտադրումներ անելու ենք, առաջարկելու ենք լուծումներ: Առաջարկվում է 2,5 անգամ թոշակները բարձրացնել: Ես համոզված եմ, որ Հայաստանում գոյություն ունեցող ստվերային տնտեսության ընդամենը 10%-ով կարելի է երկու անգամ բարձրացնել թոշակը»:

Նա նշել է նաեւ, թե իրենք կոնկրետ էլեկտորատ ունեն, կոնկրետ մարդիկ ունեն, որոնց հետ հույսեր են կապում:

Բայց մյուս կողմից, դժվար է համաձայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման նրա մոտեցումը, ըստ որի, եթե Հայաստանում ժողովրդավարական պետություն ստեղծենք, «ԼՂ հարցն ինքն իրեն լուծվելու է` առանց մեծ ճիգերի»: Ավելին, նման դիրքորոշումը ցույց է տալիս, որ պետության ու ազգի հետագա զարգացման առումով էական ազդեցություն ունեցող խնդիրն առարկայական լուրջ վերլուծության չի ենթարկվել: Հրաշալի կլիներ, եթե Հայաստանը «արևմտյան մոդելի» ժողովրդավարական պետություն լիներ, որպիսին գուցե մի օր դառնա էլ: Այնուամենայնիվ, դա  որքան էլ անհրաժեշտ, բայց ամենևին դեռ բավարար պայման չէ Արցախի հիմնախնդիրը լուծելու համար: Ու որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, նկատենք, որ գոնե մինչև 1994 թվականի դեկտեմբերի 28-ը (ՀՅԴ գործունեության ապօրինի կասեցումն ու մի տասնյակի չափ ԶԼՄ-ների ապօրինի փակումը) կամ մինչև 1995 թվականի հուլիսի 5-ի ԱԺ ընտրությունները Հայաստանը շատ էլ ժողովրդավարական պետություն էր: Այնքան ժողովրդավարական, որ Արևմտյան տերությունները մեզ անվանում էին Հարավային Կովկասի «ժողովրդավարության կղզյակ»: Ի՞նչ է, դրանով լուծվե՞ց Արցախի հիմնախնդիրը: Ինչևէ:

Հեռակա բանավեճի փոխարեն, առաջարկում եմ ուշադիր ծանոթանալ այս կուսակցության համամասնական համեստ ցուցակին: Այստեղ կարելի է հանդիպել ԳԽ և ԱԺ պատգամավոր, լրագրող և նույնպես կիրթ գործիչների շարքը դասվող Այդին Մորիկյանին (նա 4-րդն է), էլի նախկին պատգամավոր, քիմիկոս, նաև ժամանակին՝ 90-ականների վերջերին «Նաիրիտը» ղեկավարած Գագիկ Ներսիսյանին (5-րդը):

Իսկ թե ո՞րը կլինի վերնագրում նշված հարցի փաստացի պատասխանը, հայտնի կդառնա մի ինչ-որ 10 օրից:
Posted by PANORAMA.AM at 00:20:53 | Permanent Link | Comments (0) |

Tuesday, May 01, 2007

«Նոր ժամանակների» հին երգը հեղափոխության մասին

«Նոր ժամանակներ» կուսակցությունը, որ այս ընտրարշավում համալրվել է ազգային անվտանգության նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանի թեկնածությամբ (համամասնական ցուցակում 3-րդն է), նորից հայտարարում է հեղափոխություն անելու մասին: Կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն իրենց քարոզարշավը որակում է որպես ագրեսիվ, և այդ ագրեսիվությունը, դատելով նրա վերջին հայտարարություններից, ՆԺԿ առաջնորդին ուրախացնումէ:

Ապիլի 28-ի ասուլիսում նա, օրինակ, հայտարարեց, թե իր համար ուրախալի է նաև, որ «Իմպիչմենտ» դաշինքը, «Հանրապետությունը» և «Նոր Ժամանակները» համատեղ հանրահավաքներով են հանդես գալիս և որ նրանց նպատակը մեկն է` քարոզարշավիընթացքում տեղի ունեցած խախտումներըհավաքել և մեկ փաստաթղթովներկայացնել ԵԱՀԿ դիտորդներին:

Ավելին, նա համոզված է, թե. «Ինչքան էլ միասնական լինի ընդդիմությունը, միևնույննէ իշխանությունն իր սև գործն անելու է, ընտրությունները կեղծելու է: Դրա համար մեզ հետաքրքրումեն մայիսի13-ի գործընթացները: Բայց մենք հնարավոր բոլոր գործընթացներով փորձելուենք վերահսկելընտրական պրոցեսը»: Եվ 21-րդ դարի հեղափոխականը հավաստիացնում է, որ եթե,Աստված մի արասցե, ընտրությունների ընթացքում հանկարծ ընտրակեղծիքներ հայտնաբերեն, ապա՝ «ժողովրդին կմիավորենք, դուրս կգանք փողոց, կշարժվենք դեպի ԿԸՀ, կջարդենք նրանց ապակիները, որովհետև այս գործընթացի համար պատասխանատուն ԿԸՀ-ն է»:

Շատ մարտական է տրամադրված Արամ Կարապետյանը, այնպես որ առանց խախտումների կամ քիչ խախտումներով ընտրությունները նրա պլանների մեջ չեն մտնում: Մոտավորապես նույն ոգով էլ գրված է ՆԺԿ-ի նախընտրական ծրագիրը, որ ավելի շուտ նախահեղափոխական երկարաշունչ թռուցիկ է հիշեցնում, գոնե՝ ներածական մասով: Օրինակ. «Եվ հասարակության, այսինքն Քո նմանների, ուրեմն նաև մեր հոգսերն օրեցօր ավելանում են: Մեր ցավերին դարման անելու կոչվածները` ագահ են ու լպիրշ, ցինիկ են և լցված դաժան անտարբերությամբ:  Ուրեմն, հարգելի Բարեկամ, ընտրությանը մասնակցելով և կրկին համոզվելով գործող վարչախմբի հանցագործության մեջ, Դու պարտավոր ես տեր կանգնել Քո իրավունքին: Դու պետք է դառնաս «Նոր Ժամանակներ»կուսակցության ակտիվ գործընկերը և մասնակցես Արդարությունը վերականգնելուն նպատակաուղղված բոլոր միջոցառումներին»,-ասում են Արամ Կարապետյանն ու նրա համախոհները:

Այդ ծրագիրն ընդհանրապես, հետաքրքիր դրույթներ է արտացոլում, երկրորդ ատոմակայան կառուցելու, Իրան-Հայաստան նավթատար անցկացնելու և նման այլ՝ խոշորամասշտաբ խոստում